Արցախի ազգային հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ուրֆանյանի ինքնազգացողությունը վատացել է Եռաբլուրում՝ Արցախի հերոսներ Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի շիրմաքարերի պղծման միջադեպից հետո։
Արմենակ Ուրֆանյանին նվիրված գրքի հեղինակ Վովա Արզումանյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ ոստիկանությունը հայտարարել է, թե Աբաջյանի և Ուրֆանյանի շիրմաքարերին հայտնված հետքերը մոմավառության հետևանք են, սակայն այդ օրն իրենք առավոտյան եղել են Եռաբլուրում և ըստ իրենց՝ դրանք մոմավառության հետքեր չէին։
«Այդ օրն առավոտյան տիկին Համեստի հետ գնացել էինք Եռաբլուր և ոչ թե մոմի, այլ մեքենայի յուղի հետ էր գալիս, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հերքվեց, ինչն անդրադարձավ տիկին Համեստի վրա և այսօր նա վատառողջ է»,- ասաց Վովա Արզումանյանը։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հետաքննության նախնական տվյալներով հայտարարել էր, թե շիրմաքարերի վրայի հետքերը մոմավառության հետևանքներ էին։


